Ինչպես արդեն հայտնի է, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը դատարանի վճռով կվերականգնվի թատրոնի տնօրենի պաշտոնում: Անվավեր է ճանաչվել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանը, որով Կոնստանտին Օրբելյանը ազատվել էր աշխատանքից։ Դատարանը բավարարել է մաեստրոյի հայցն ամբողջությամբ, նաև թատրոնին պարտավորեցրել է վճարել Օրբելյանին՝ հարկադիր պարապուրդի համար։ Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում թատրոնի հովանավորները դադարեցրել են ֆինանսավորումը, տարբեր մեծածավալ միջոցառումների, հյուրախաղերի նախնական պայմանավորվածությունները անորոշ իրավիճակի պատճառով դադարեցվել են:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել Կոնստանտին Օրբելյանից: Մաեստրոն նշեց, որ երբ որոշվել է ազատել իրեն տնօրենի պաշտոնից, հովանավորները հրաժարվել են աջակցելուց թատրոնին: 700 աշխատակից ունեցող Օպերային թատրոնը թանկ հաճույք է երկրի համար. փորձել է գումարներ ձեռք բերել՝ օգտագործելով իր անունն ու հեղինակությունը: Եղել են որոշ ներդրումներ, կարողացել են փոխել դահլիճի լուսավորության հնացած համակարգը: Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնից վարձակալել են Մասնեի «Մանոն» օպերայի ներկայացման բեմադրությունը, Մեծ թատրոնից՝ «Չիպոլինո» բալետային ներակայացման դեկորներն ու զգեստները: Անցած մեկ տարում օպերային թատրոնը ութ պրեմիերա է ունեցել Երևանում:
Նոյեմբերի 8-ից, երբ վերջնականապես ուժի մեջ կմտնի դատարանի որոշումը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կշարունակի իր բնականոն գործունեությունը` հանդիսատեսի դատին հանձնելով հագեցած ծրագիր` առաջնախաղերով ու ներկայացումներով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ